ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
(ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ)

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՈԼՈՐՏ

(կացութաձև և վերաբախշում)

 

          ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման համար անհրաժեշտ է համապատասխան տնտեսական կացութաձև։

Անվերահսկվող ու լիովին ազատ շուկայական կապիտալիզմի տնտեսական ձևաչափն այս կամ այն երկիրն ի վերջո դարձնում է ֆինանսաօլիգարխիկ կորպորատիվ կլանների սեփականություն, իսկ պետական ինստիտուցիոնալ ապարատը հիմնականում նրանց շահերի պահապանը։ Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության ավագ սերնդի քաղաքացիները քաջածանոթ են նաև «Սոցիալիզմի տնտեսական կացութաձևին», որն, ըստ էության, վարչաբյուրոկրատական ֆեոդալիզմ էր, որտեղ թեև գաղափարախոսական հիմքով պայմանավորված նաև կար դրականը՝ քաղաքացու համար անվճար առողջապահություն, կրթություն և այլն, սակայն չկար կարևորը՝ անհատի կամ խմբի համար «նյութական շահագռգռվածության» տնտեսական անկյունաքարը, որի չգոյությունը նույնիսկ այդ դրականի առումով չէր կարողանում ապահովել սոցիալական այդ ոլորտների որակական բարձր մակարդակ։ Եվ ուրեմն, հիմնարար հարց է՝ սեփականության առումով ի՞նչ է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և իրականում  ո՞ւմ է այն պատկանում «վայրի կապիտալիստական կացութաձևի» ժամանակ։ Պատմությունը ցուցել է, որ կապիտալիզմի լիակատար ազատ շուկայական տարբերակի ժամանակ, պետությունը, որպես կառավարման առարկայական միջոց, ի վերջո դառնում է կլանային-կորպորատիվ խոշոր կապիտալի պատկանելիություն, և գործում է հիմնականում ի շահ նրանց ներկայացուցիչների։ Եվ ուրեմն, ի՞նչ է նշանակում ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, և ո՞րն է համահայկական ազգային պետության տեսլականը՝ սեփականության իրավունքի առումով։

           Այսօր աշխարհում կան երկրներ՝ Իսլանդիա, Շվեդիա, Սինգապուր, Ֆրանսիա, Չինաստան, Նորվեգիա և այլն, որտեղ համեմատական առումով լավագույն արդյունավետությամբ կիրառվում են «ԽԱՌՆ» կամ «ՀԱՄԱԴՐՎԱԾ» անունով կոչված ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՑՈՒԹԱՁԵՎԵՐԻ տարբերակներ, որտեղ համատեղված են պետական, մասնավոր, համայնատիրական և այլ սեփականության ձևաչափերը՝ իրար նկատմամբ հավասարակշռություն ապահովելու  մոտեցմամբ։

            ԽԱՌՆ-ՀԱՄԱԴՐՎԱԾ տնտեսական կացութաձևը սահմանվում է որպես տնտե-սական համակարգ, որտեղ համատեղված են հետևյալ հայեցակարգերը՝

            ա) ազատ շուկայական տնտեսության տարրերը միավորված են պլանային         

            տնտեսության տարրերով,

            բ)  ազատ շուկայական տնտեսություն՝ պետական միջամտությամբ և վերահսկմամբ,

            գ) մասնավոր և պետական սեկտորներով միախառն ձեռնարկությունների գոյություն,

            դ) մասնավոր ազատ ձեռներեցություն և ձեռնարկատիրություն,

            ե) պետության կողմից hանրային լայն ծառայությունների գործառույթ,

            զ) համայնատիրական սեփականություն և ծառայությունների ինքնուրույնություն։ 

           

           Ստորև ներկայացված բոլոր դրույթները բխում են ԽԱՌՆ-ՀԱՄԱԴՐՎԱԾ տնտեսական կացութաձևի բովանդակությունից։

 

Դրույթ 1-ին

         Ազգային պետության կայացման համար հիմնարար առաջնահերթությունը տնտեսական կացութաձևի փոփոխությունն է։ Հայասատանի Հանրապետության համար անվերապահ անհրաժեշտություն է վարչաօլիգարխիկ կլանային  կացութաձևից անցնել դեպի ԽԱՌՆ-ՀԱՄԱԴՐՎԱԾ տնտեսական կացութաձևի։

 

   ^  Ըստ ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ հոդվածի (1990թ․ Օգոստոս 23, որն առ այսօր             ուժի մեջ է)՝

  • «Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝  հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշա-կութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն են:* Դրանց տի-րապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրա-պետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:»։

* {Ազգային հարստություն - (աշխգր․) տվյալ պահին հասարակության տնօրինության տակ գտնվող նյութական բարիքների ամբողջությունը}:

 

         ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ հոդվածն, ըստ էության, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը որպես ժողովրդի՛ սեփականություն, և ՀՀ Անկախության Հռչակագրում այս ձևակերպումը՝ «ժողովրդի սեփականությունն են», նկատի է առնում ՀՀ բոլոր քաղաքացիների սեփականությունը։ Սակայն ՀՀ Սահմանադրության մեջ իրավական սուբյեկտին ընդգծելու նպատակով, հիմք ընդունելով ՀՀ Անկախության Հռչակագիրը, պետք է կատարել՝ «ՀՀ քաղաքացիների սեփականությունն է» պարզաբանում-լրացումը (տես՝ 2-րդ դրույթը)։

 

Դրույթ 2-րդ

          Ընդունել Սահմանդիր օրենք՝

«Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն են, որը մեկնաբանվում և սահմանվում է որպես՝ ՀՀ քաղաքացիների սեփականություն, իսկ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ այդ ժողովրդական սեփականության տերը չէ, այլ կարգավորող օպերատորն է։

 

        ^^ ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ հոդվածի վեջին նախադասությունը՝ «Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք», ներկայացնում է ԽՍՀՄ-ի ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ժառանգության իրավական սուբյեկտին՝ ժողովըրդին (այն է՝ ՀՀ քաղաքացիներին), քանի որ մեր երկրի անվանումը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, իր բուն իմաստով նշանակում է՝ ՀՀ բոլոր քաղաքացիների պետություն (հանրային պետություն), իսկ ԽՍՀՄ-ից ստացած նրա ժառանգությունը՝ ՀՀ քաղաքացիների հավասարաչափ սեփականություն, և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կողմից այդ սեփականության նկատմամբ՝ ազգային գերակա շահից բխող տնօրինություն {Ազգային շահ՝ Պետական շահ (անգլ.՝ National interest)}։ Եվ ահա, ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ հոդվածը պարտադրում է, որպեսզի այս եզրույթն, ըստ իր անվանման իմաստի, պարզաբանված և հստակ լրացումով ներկայացվի ՀՀ Սահմանադրության մեջ (տես՝ 3-րդ դրույթը)։

 

Դրույթ 3-րդ

          ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրել՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ քաղաքացիների համար հավասարաչափ սեփականություն հանդիսացող և ՀՀ քաղաքացիների համար հավասարաչափ իրավունքներ, շահեկանություն և պարտավորություններ ապահովող այն համապարփակ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ է (ծառայություն մատուցող ապարատ), որը պետք է իրականացնի միմիայն ազգային գերակա շահից  և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից բխող գործունեություն։

Դրույթ 4-րդ

           Քաղաքացիական հարթակը պետք է ստանձնի պետության պատվիրատուի դերը:

ՀՀ Անկախության Հռչակագրի հիմքով, քանի որ օդի, ջրի, հողի, կենդանական ու բուսական աշխարհի, ընդերքի ռեսուրսների նկատմամբ ՀՀ քաղաքացիներն ունեն սեփականության անօտարելի իրավունք, ապա ՀՀ Սահմանադրությամբ սահմանել՝

  1. Հայաստանի Հանրապետության ՀՈՂԸ Հայաստանի Հանրապետության ժողովրդի  սեփականությունն է (ՀՀ քաղաքացիների սեփականությունն է),

  2. Հասարակության և պետության կարիքների համար հանրային շահը գերակա է։

         ա) Հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության     

         սեփականատիրոջ շահերից։

         բ) Առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության հանրային սեփականությունը չի կարող 

         օտարվել։

    3․ Հայաստանի Հանրապետության օդը, ջուրը, հողը, կենդանական ու բուսական   

        աշխարհը, ընդերքի ռեսուրսները ՀՀ քաղաքացիների բնական և անօտարելի

        սեփականությունն են։

    4․ Պետությունը չի կարող լինել ազգային հարստության սեփականատեր, քանի որ     

         պետությունը կառավարող օպերատոր է և ոչ թե սուբյեկտ-սեփականատեր։ ՀՀ ազգային          հարստությունը ՀՀ քաղաքացիների սեփականությունն է։

Դրույթ 5-րդ

         Հայաստանի Հանրապետությունում ՍՏԵՂԾԵԼ՝

«Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ», որը ՀՀ քաղաքացիների սեփականությունն է, և հիմնադրամի կառավարումն իրականացնում են քաղաքացիական ինստիտուտները։ Հիմնադրամի միջոցներն առաջանում են՝ օդի, ջրի, հողի, ընդերքի և կենսաբանական ռեսուրսների շահագործման դիմաց հավաքագրվող բնավճարներից:

      Ա) «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը» պետք է նախ և առաջ ունենա շրջանառու ներդրումային գործառույթ, որից հետո, առաջացած շահույթը պետք է հավասարաչափ բաժանվի ՀՀ բնակչությանը։

       Բ) «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» ֆինանսական միջոցներն ուղղորդվում են համայնքներին՝ ըստ այդ համայնքների բնակչության թվաքանակի։

       Գ) «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը» պետք է ունենա տեղական համայնքների քաղաքացիներից կազմված հոգեբարձուների քաղաքացիական ինստիտուտներ, որոնք պետք է իրականացնեն այդ ֆինանսական միջոցների կառավարումն ու ներդումները՝ ըստ տեղական բնակչության պահանջների և որոշման։    

       Դ) «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» շահույթաբաժնի իրավունք կարող է ունենալ  յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, որը գրանցված է ու ապրում է ՀՀ տարածքում, և ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ քա-ղաքացու համար սահմանված պարտավորությունների կատարողն է։

 

Դրույթ 6-րդ

          «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը» ՀՀ քաղաքացիների անօտարելի սեփականությունն է, որի ֆինանսական միջոցներն առաջանում են  օդի, ջրի, հողի, ընդերքի ու կենսաբանական  ռեսուրսների շահագործման դիմաց հավաքագրվող բնավճարներից:

Սահմանել դրույքաչափեր (տոկոսները պայմանական են)։

        ա) Հողի օգտագործման համար բնավճար՝ տարեկան 1․25%-ի չափով (գանձվում է հողի գնման արժեքից), ՀՀ քաղաքացիների որոշմամբ կարող է ուղղվել ՀՀ Բանակի կարիքներին, քանզի ՀՀ Բանակն է Հայաստանի Հանրապետության հողի՝ տարածքի, և ՀՀ քաղաքացիների անվտանգության պահապանը։

         բ) Օդի, ջրի, ընդերքի ռեսուրսների շահագործման դեպքում բնօգտագործման վճար՝ տարեկան 5%-ի չափով (գանձվում է սկզբնական արժեքից` ակտիվները գրանցվում են ձեռք բերման պահի դրությամբ դրանց ձեռք բերման համար վճարված դրամական միջոցների գումարի չափով), ուղիղ փոխանցում «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամին»։

         գ) Օդի, ջրի, ընդերքի ռեսուրսների շահագործման դեպքում համայնքատիրության բնավճար՝ տարեկան 1․75%-ի չափով (գանձվում է սկզբնական արժեքից։ Պատկանում է շահագործվող ռեսուրսի շրջակայքի համայնքներում ապրող մարդկանց), ուղիղ փոխանցվում է որոշակի համայնքի քաղաքացիական ինստիտուտի հաշվեհամարին։  

         «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը», որը ՀՀ բոլոր քաղաքացիների սեփականությունն է, իրականացնում է շրջանառու ներդրումային գործառույթ՝ ա) համայնքների բարենորոգումների և պահանջների ծրագրերով, բ) շահույթ բերող արտադրական միավորների ստեղծումով, որից առաջացած դիվիդենտները հավասարաչափ բաժանվում են համայնքի բնակիչներին։

Դրույթ 7-րդ

         Հայաստանի Հանրապետությունում ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ նշանակության բիզնես-միավորների նկատմամբ կիրառել՝ 

        Ա) Ազգայնացում 51%-ի չափով՝ կիրառելով բաց բաժնետիրական ձևաչափը (ազգային-պետական՝ 51%, մասնավոր՝ 49%)*1։ Կառավարվում է «բաժնետերերի խորհրդի» կողմից՝ ըստ բաժնետոմսերի հարաբերությամբ որոշումներ կայացնելու ձայնի իրավունքով։ Ազագային սեփականությունը՝ 51 %-ի չափով, ՀՀ քաղաքացիների սեփականությունն է։

         Բ) Պետության կողմից 51% որոշիչ ձայնի իրավունք՝ առանց բաժնեմասի։

         Գ) Ա և Բ կետերում նշված ձեռնարկությունների համար կիրառել ՊԵՏԱԿԱՆ 

            ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ՝ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ (Հայաստանյան շուկայի, 

            սահմանային հարկերի, պետական տուրքերի առումներով)։

         Դ) Կիրառել ՀՀ քաղաքացիների անօտարելի սեփականության ձևաչափերը (տես 6-րդ     

            դրույթի ա, բ, գ կետերի դրույքաչափերը)։

         Ե) Ռազմավարական հանդիսացող հանրային ծառայության ոլորտի վերահսկողություն 

             Հայաստանի Հանրապետության կողմից՝ ըստ Ա և Բ կետերի։

         Զ) ՀՀ Սահմանադրությամբ՝ 100%-ոց մասնավոր ընկերությունների արտոնյալ   

             մենաշնորհային կարգավիճակի արգելում, որը ենթադրում է յուրաքանչյուր ոլորտում               մեկից ավելի բիզնես միավորների գործարկման պրակտիկա կամ Ա և Բ կետերի 

             կիրառում։

          է) Մունիցիպալ սեփականությունը պետք է պատկանի համայնքների բնակիչներին, 

             որպես այդ համայնքի մշտական բնակիչների քաղաքացիական անօտարելի

             սեփականություն:

      ---------------

          *1 – Կառուցվածքի առումով՝ 49% + 2% + 49% մանրամասն ծրագիրի մասին՝ առանձին։            Լավագույն կառուցվածքը բնության մեջ առկա հավասարակշռության՝ երկու     

          հակադրությունների միասնության օրինաչափության կիրառումն է, որը հայտնի է 

          «կշեռքի հավասարակշռության օրինաչափություն» անունով։ Այս պարագայում՝ 

          պետական բաժնեմասի 51%-ից 2%-ը՝ ռազմավարական օբյեկտում աշխատողներին

          բաժնետեր դարձնելն է, որոնք հավասարաչափորեն կստանան շահույթ, քանի դեռ

          աշխատում են այդ օբյեկտում, սակայն նրանք չեն կարող իրենց բաժնետոմսը վաճառել

          կամ ժառանգաբար փոխանցել։ Եվ որոշում կայացնող խորհրդում այս բաժնետեր   

          աշատողների ներկայացուցիչը նույնպես ունի ձայնի իրավունք։ Այս 2%-ի բաժնետերերը

          մի կողմից կգործեն որպես պետական շահերի պաշտպան՝ մասնավոր սեկտորի 

          որոշումների դեմ, քանի որ պետությունն է ապահովել նրա բաժնետեր լինելը, մյուս 

          կողմից նա կլինի պետական բյուրակրատական չինովնիկների որոշումների դեմ, քանի

          որ մասնավոր բաժնետեր է։

 

 

          ^^^ Վերոնշյալ դրույթները վերաբերում են` Ա) Հայաստանի Հանրապետության ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ տնտեսական միավորներին, և Բ) ՀՀ քաղաքացիների բնական անօտարելի սեփականությանը։

          Ա) Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն իր հարևաններով և տասնյակ տարիների տնտեսական շրջափակումը (Թուրքիա, Ադրբեջան), պատերազմական իրավիճակում գտնվելը, ինչպես նաև երկրի բնական ռեսուրսների սակավությունը, անհրաժեշտություն է ընդունել այս դրույթների կարևորությունը և վարչաօլիգարխիկ կլանային կացութաձևից անցումը դեպի ԽԱՌՆ-ՀԱՄԱԴՐՎԱԾ տնտեսական կացութաձևի։ Ինչո՞ւ էր անհրաժետ ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ հոդվածին անդրադարձը (որն անբեկանելի է և ուժի մեջ է առ այսօր)։ Մեզ բոլորիս քաջ հայտնի է, որ ԽՍՀՄ-ի ազգային հարստություններն անիրավական ձևով օտարելով՝ սեփականաշնորհման անվան տակ, այդ թալանված ազգային հարստության հիմքով էր, որ առաջացան այսօրվա օլիգարխիկ կլանները։ Եվ ՀՀ Անկախության Հռչակագիրն այն իրավական փաստաթուղթն է, որն ընձեռնում է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները բաց բաժնետիրական ձևաչափի կիրառմամբ (51%-ով) դարձնել ազգային սեփականություն։

           Բ)  Հայաստանի Հանրապետության օդը, ջուրը, ընդերքի ռեսուրսները ՀՀ քաղաքացիների բնական և անօտարելի սեփականությունն են, և յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է շոշափելի զգա, որ ինքն է իր երկրի բնական ռեսուրսների տերը, վարձակալության տվողը, շահույթ ստացողն ու այդ շահույթն իր համայնքների կամ իր ընտանիքի կարիքների համար ուղղորդողն ու վերահսկողը։  

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՐԳ  

(Ոլորտ և կառուցվածք)

          ^ Ժողովրդավարական երկիր նշանակում է՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում և միմիանցից անկախություն, իրար նկատմամբ հավասարակշռության ապահովում՝ հակակշռում և վերահսկում (տես 8-րդ դրույթը)։

 

Դրույթ 8-րդ

          Իշխանության երեք թևերը՝ օրենսդիր, գործադիր (ՀՀ Վարչապետ-Նախագահը) և դատական, յուրաքանչյուրը պետք է ձևավորվի ժողովրդական ուղիղ ընտրություններով և ստանա ժողովրդի վստահության բարձրագույն հանձնագիրը (մանդատ)։

 

Դրույթ 9-րդ

           ^^ Իրավական ժողովրդավարական հասարակության ներդաշնակ գոյությունը հնարավոր է նրա անդամների իրավունքների և պարտավորությունների հավասարությամբ, և այդ հասարակությունը կազմող դասերի ու սոցիալական խավերի շահերի պաշտպանությամբ, ինչը ենթադրում է այդ խավերի ներկայացուցչություն պետության քաղաքականության մշակման բարձրագույն օրենսդիր ատյանում և տեղական ինքնակառավարման համակարգերում (տես 9-րդ դրույթը)։

           Այս սկզբունքը ենթադրում է՝ 

           ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՀՀ նոր Սահմանադրության ընդունում։

ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններ և կազմ՝

      Ա) Հայաստանի Հանրապետության համայնքների ներկայացուցիչներից,

      Բ) Արհեստակցական միությունների (համքյարությունների) ներկայացուցիչներից**,

      Գ) ՀՀ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից։

        1) ԱԺ-ի պատգամավոր ընտրվելու իրավունք ունեն բոլոր այն ՀՀ քաղաքացիները, նաև            երկքաղաքացիություն ունեցողները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում, որպես            հիմնական բնակության վայր, ապրում են Հայաստանի Հանրապետությունում։

        2) ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորը ընտրվում է 4 տարի ժամկետով։

        3) Վերականգնել արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիություն ունեցողների ՀՀ       

        Վարչապետ/Նախագահ ընտրելու իրավունքը:

     --------------------------

     **  ԱԺ-ի համամասնական ընտրակարգով թեկնածուներն ընտրվում են համամասնական ցուցակով, արհմիութենական կառույցներում՝ բաց և հրապարակային ընտրությունների արդյունքում (Արհեստակցական միություններից ԱԺ պատգամավորների առաջադրումը կատարվում է ըստ ոլորտների։ Յուրաքանչյուր արհեստակցական կառույցից ընտրված ներկայացուցիչը մասնակցում է համապատասխան արհեստակցական ոլորտի ընդհանուր ժողովին, որտեղ բաց քվեարկությամբ ընտրվում են այդ արհեստակցական ոլորտը ՀՀ ԱԺ-ում ներկայացնող պատգամավորները)։ 

 

Դրույթ 10-րդ

         ՀՀ Վարչապետ/Նախագահի թեկնածուն, պետք է ընտրվի ժողովրդական ուղիղ ընտրությունների արդյունքում, 5 տարի ժամկետով, և կարող է առաջադրվել՝

         Ա - ՀՀ կուսակցությունների ներկայացմամբ,

         Բ - ՀՀ արհմիությունների (արհեստակցական միություններ) առաջադրմամբ,

         Գ - ՀՀ համայնքների ներկայացուցիչներից։ 

(Ըստ էության արհմիությունները՝ արհեստակցական կառույցներ են նաև «ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիան», «ՀՀ Գրողների միություն», «ՀՀ ճարտարագետների միություն» և այլն, ինչպես նաև ՍԵԿՏՈՐԱԼ միությունները, որոնք նոր-նոր սկսել են ստեղծվել և ստեղծվելու են զբաղվածության ամեն մի որոշակի ուղղության համար)։

        Դ - ՀՀ Վարչապետ/Նախագահի թեկնածու կարող են լինել բոլոր այն ՀՀ քաղաքացիները, նաև երկքաղաքացիություն ունեցողները, որոնք վերջին յոթ տարիների ընթացքում, որպես հիմնական բնակության վայր, ապրում են Հայաստանի Հանրապետությունում։

(Մեր համոզմամբ, ապագայում, այս դրույթի վերաբերյալ պետք է կիրառել հետևյալ չափորոշիչները՝

     1-  ՀՀ Վարչապետ-Նախագահը պետք է ծնված լինի Հայաստանի Հանրապետությունում։

     2- Պետք է ունենա բարձրագույն կրթություն։

     3- Դպրոցը կամ ԲՈՒՀ-ը պետք է ավարտած լինի ՀՀ-ում, որպեսզի հայ մշակույթի կրողը լինի։       4- Պետք է ծառայած լինի ՀՀ բանակում և ունենա առնվազն կրտսեր սպայական աստիճան։ Իսկ ինչո՞ւ այս չափորոշիչները պետք է կիրառել ոչ այսօր, այլ ապագայում, ունի պարզ պատասխան։ Այսօր, ցավոք, ՀՀ-ում կադրերի պակասի լուրջ խնդիր կա, և անհրաժեշտ է օգտագործել սփյուռքաբնակ մեր հայրենակիցների մասնագիտական ներուժը)։

Դրույթ 11-րդ

         ՀՀ Նախագահի այսօրվա ձևական ինստիտուտի վերացումն անհրաժեշտ է։ Այն չունի որևէ կառավարման գործառույթ և ավելորդ ծախս է պետության համար, իսկ գործադիր իշխանության ղեկավարը՝ ՀՀ Վարչապետը, պետք է կոչվի ՀՀ Նախագահ։

 

Դրույթ 12-րդ

         Քաղաքական մենաշնորհի վերացում ԱԺ-ում։ ՀՀ Վարչապետ/Նախագահը Աժ-ում պետք է ՉՈՒՆԵՆԱ՛ իր կուսակցության բացարձակ մեծամասնությունը (այլապես գործադիր և օրենսդիր իշխանությունները բևեռացվում են մեկ կուսակցության ու նրա ղեկավարի ձեռքում)։

 

Դրույթ 13-րդ

         ԱԺ-ում օրենքի ուժ կարող է ստանալ այն որոշումը, որն ընդունվել է ԱԺ պատգամավորների 2/3-ի կողմից։

(Այս դրույթը ենթադրում է ԱԺ-ում որոշումների կայացում՝ ԱԺ աշխատանքային խմբերի և հանձնաժողովների համատեղ աշխատանքի հիմքով, ենթադրելով խմբակցությունների համաձայնությամբ (consensus) ԱԺ որոշումների ապահովում)։

 

Դրույթ 14-րդ

         Ա) ՍՏԵՂԾԵԼ ընտովի պաշտոնյաներին ժողովրդական անվստահություն հայտնելու և ժամանակից շուտ ետ կանչելու ինստիտուցիոնալ մեխանիզմ։

         Բ) ԱԺ պատգամավորների և իշխանության որևէ պաշտոնեայի, այդ թվում

ՀՀ Վարչապետ/Նախագահի անձեռնմխելիության իրավունքի վերացում։

Դրույթ 15-րդ

         ԱԺ-ի մեծամասնակական ընտրակարգով ընտրությունների համար սահմանել 2%-ի անցման շեմ։ Կուսակցությունների առաջադրած այն թեկնածուները, որոնք մեծամասնական ընտրակարգով չեն կարողացել անցնել 2%-ի շեմը, կարող են պաշտոնապես իրենց ձայնը փոխանցել շեմն անցած այս կամ այն կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին։

(Այս դրույթը բացառում է փոքրամասնության ձայների արհամարումը և մեծամասնության թելադրանքը փոքրամասնությանը)։

 

Դրույթ 16-րդ

        Մերժել այսօրվա ընտրական հանձնաժողովների կազմը և ստեղծել նոր համակարգ՝ հնարավորինս բացառելով մարդկային գործոնը (տեխնիկական մեթոդիկայի օգտագործում՝ մատնահետք, ֆոտոնկար, ստորագրություն և այլն)։

Դրույթ 17-րդ

        ՀՀ Կենտրոնական Բանկը ՀՀ Սահմանադրությամբ պետք է հաշվետու լինի ՀՀ Ազգային Ժողովին և ՀՀ կառավարությանը։

 

Դրույթ 18-րդ

         Վերացնել սուպեր  վաչապետական կամ նախագահական լիազորությունները։ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Պետական վերահսկողական ծառայությունը և ԶՈՒ-ն պետք է լինեն ՀՀ կառավարության ենթակայության ներքո և հաշվետու ԱԺ-ին։

Դրույթ 19-րդ

          ՊԱՏԵՐԱԶՄԻ ժամանակ ՀՀ Զինված ՈՒժերի գերագույն հրամանատարը

ՀՀ Վարչապետ/Նախագահն է։ 

 

ԴԱՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ

      ^ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը պետք է լիարժեք անկախ լինի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանություններից, որը ենթադրում է ժողո-վըրդական ուղիղ ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության բարձրագույն հանձնագրի (մանդատ) ձեռքբերում։ 

     1․ Ստեղծել՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ թվով 11 դատավորներից, որոնք պետք է ընտրվեն ժողովրդական ուղիղ ընտրությունների արդյունքում 7 տարի ժամկետով։

      2․ Բարձրագույն Դատական Խորհուրդը Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է ՀՀ Սահմանադրության գերակայությունը։ Արդարադատություն իրականացնելիս ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը։

      3․ Բարձրագույն Դատական Խորհուրդը նշանակում է դատավորներին՝

                        * տեղական՝ 3 տարի ժամկետով,

                        * վճռաբեկ՝ 5 տարի ժամկետով։

      4․ Ստեղծել 12 երդվյալ քաղաքացիական ատենակալների անկողմնակալ դատարան (ինստիտուտ), առավել ծանր հանցագործությունների դատավարությունների համար։

ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

        ^ Հայաստանի Հանրապետությունում հիմնականում չկա ազատ լրատվություն։ Հեռուստատեսային ալիքները, ինչպես նաև թերթերն ունեն կա՛մ կուսակցական, կա՛մ օլիգարխիկ պատկանելիություն, կա՛մ օտարերկրյա կազմակերպությունների համար հասարակական կարծիք կոփելու լծակներ են, քանի որ ֆինանսավորվում են նրանց կողմից։ Պատճառը հետևյալն է՝ Հայաստանի փոքրիկ շուկան չի կարող ապահովել ինքնաբավ անկախ հեռուստալիքների և թերթերի գոյությունը։ Եվ չորրորդ իշխանության՝ ազատ և օբյեկտիվ լրատվության ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ կասկածի տակ է առնում ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում։ 

 

Դրույթ 22-րդ

        Հայաստանի Հանրապետության կողմից ձևավորել այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն ու ֆինանսապես կսատարեն ազատ, անկախ լրատվամիջոցներին և կձևավորեն լիարժեք ազատ լրատվություն՝ «Չորրորդ Իշխանությունը»։

 

Դրույթ 23-րդ

         Հայաստանի Հանրապետության հանրային հեռուսատեսություններն իրավունք չունեն ընդհանրապես զբաղվելու քաղաքական քարոզչությամբ։ Նրանց հիմնական գործառույթը պետք է լինի՝ մշակութային և կրթական։

 

Դրույթ 24-րդ

         Պետական սատարումով ստեղծել «Հասարակական հեռուստատեսային ալիքներ», որոնք ուղիղ եթերով, օրական 24 ժամ, վերահսկման գործառույթի տրամաբանությամբ, կներկայացնեն ԱԺ-ի նիստերը, տեղական կառավարման մարմինների նիստերը, դատարաններում դատավարության ընթացքը և այլն։ 

Դրույթ 25-րդ

          Թեկնածուների համար քարոզչությունը պետք է լինի հավասար ժամամիավորներով՝ բոլոր հետուստատեսությունների և ռադիոհաղորդումների ամբողջական տիրույթի հաշվառմամբ՝ ընտրություններին նախորդող 60 օրվա ընթացքում։

 

Դրույթ 26-րդ

         25-րդ դրույթը խախտելու դեպքում, որևէ հանրային կամ մասնավոր՝ անհատին կամ կուսակցությանը պատկանող հեռուստատեսային սուբյեկտ կտուգանվի 25 միլիոն դրամի չափով, իսկ առաջադրված թեկնածուի կամ կուսակցության մասնակցությունը ԱԺ ընտրություններին կկասեցվի։

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ – ԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏ

         ^ Որպեսզի Հայաստանի Հանրապետության «համախառն ներքին արդյունքը» (ՀՆԱ) դառնա տասն անգամ ավելի, այսինքն հասնի այսօրվա փոքրիկ Սլովակիային, ապա այսօրվա 7,2 միլիարդ դոլարի պետական պարտքով, և առայժմ եղած մոտեցումներով ու տեմպերով` կոռուպցիա, անարդյունավետ կառավարման և հարկման համակարգ, անտրամաբանական օրենքներ և այլն, Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ կլինի հարյուրամյակներ, և կամ՝ ընդհանրապես չենք կարող հասնել այդ տնտեսական նշաձողին։ Որպեսզի այս նշաձողը հնարավոր լինի հաղթահարել 5-7 տարիների ընթացքում, ապա անհրաժեշտ են ոչ ստանդարտ թռիչքային ծրագրեր և տնտեսական կառավարման համակարգային արդյունավետ փոփոխություններ։

 

 Դրույթ 27-րդ

          Հարկային օրենսդրության հստակություն և պարզեցում՝ բիզնեսների հարկումը միայն մաքուր շահույթից, և բոլոր վճարներն ու հարկայնությունների հավաքականը չպետք է անցնի առավելագույնը՝ 33% -ը։

 

Դրույթ 28-րդ

          Արտադրական նշանակության և Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու նպատակով ներկրվող բոլոր հումքատեսակների և մեքենասարքավորումների ներմուծումները պետք է ազատվեն մաքսատուրքից և մաքսային սահմանին ԱԱՀ-ի հարկի գանձումից։

Դրույթ 29-րդ

          Մանր և ընտանեկան բիզնեսներին տալ արտոնություն՝ հարկայնության ազատում առաջին երեք տարվա կտրվածքով։

 

Դրույթ 30-րդ

          Պետության կողմից վարկավորել մանր և ընտանեկան բիզնեսները՝ 2-3% վարկերով, մինչև 5 միլիոն դրամի չափով ($10․000 ԱՄՆ դոլար)։

 

Դրույթ 31-րդ

           Նախաձեռնել համազգային գերնպատակ հետապնդող տնտեսական ծրագրեր, որոնք Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կարող են թռիչքաձև բազմապատկել։

           1) Տարանցիկ երկիր դառնալու նպատակով, պետության վերահսկողությամբ (51% ազգային բաժնետիրությամբ), բաց բաժենտիրական ձևաչափով, ընդգրկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Սփյուռքի հայությանը որպես բաժնեթղթերի սեփականատեր, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների ներգրավումով, կազմակերպել հյուսիս-հարավ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻ և 250 կմ/ժամ արագությամբ ԵՐԿԱԹԳԻԾ՝ Փոթի-Երևան-Թեհրան-Չինաստան։

            2) Ծրագրել և իրականացնել՝ հանքարդյունաբերական գործարանների կողմից խտացված հանքահողի հանման և արտահանման փոխարեն, աստիճանաբար անցում դեպի պատրաստի արտադրանք ստեղծող գործարանների։

            3) Համակարգված տնտեսավարությամբ՝ ոռոգման և խմելու քաղցրահամ ջրի կորուստների բացառում։ Քաղցրահամ խմելու ջրի արտահանում՝ միջազգային գներին համապատասխան։

            4) ՀՀ պետության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար միասնական ծրագիր ունենալու և այն իրականացնելու մարտավարություն։

 

^^ Պետք է ընդունել առանցքային սկզբունք՝ քաղաքացիակա՛ն հարթակը պետք է ստանձնի պետության պատվիրատուի դերը (Վերոնշյալ չորս հիմնական ուղղությունների համար ունենք ռազմավարական մշակումներ)։

 

Դրույթ 32-րդ

         Ընդունել Սահմանադիր օրենք բնապահպանության մասին։

Հայաստանի Հանրապետության բոլոր հանքարդյունաբերական միավորների և այլ գործարանների համար սահմանել միջազգային ամենաբարձր բնապահպանական նոր չափորոշիչներ։

Դրույթ 33-րդ

         Միջպետական տնտեսական պայմանագրերի վերանայում, ինչպես նաև այդ պայմանագրերի հնարավոր չեղարկում, եթե դրանք չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից և տնտեսական կախվածություն են մեջ են պահում Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտները կամ տնտեսական ամբոջական ոլորտները։

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏ

         ^ Ազգային պետության համար ազգային գերակա շահը՝ ամենամեծ արժեքը, ՀՀ քաղաքացին, նրա ընտանիքի անվտանգությունն ու բարեկեցությունն է, որի հիմքով է կայանում էթնոսի գոյապահպանումն ու նրա ստեղծագործական զարգացումը համաշխարհային քաղաքակրթության առաջընթացում։

Դրույթ 34-րդ

         Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի ժողովրդի համար անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ բժշկական հաստատություններում։

Դրույթ 35-րդ

         Հանրակրթությունը Հայաստանի Հանրապետության պետական հաստատություններում պետք է լինի անվճար։ ՀՀ ԲՈՒՀ-երում սովորելը նույնպես պետք է լինի անվճար՝ միջնակարգ դպրոցներից այն լավագույն առաջադիմությամբ շրջանավարտների, ինչ-պես նաև այն ուսանողների համար, որոնք սոցիալապես անապահով ընտանիքներից են։

 

Դրույթ 36-րդ

          Նվազագույն աշխատավարձի, թոշակի եւ նպաստի որոշում՝ սպառողական զամբյուղին համապատասխան: Պետական կամ մասնավոր ընկերության կողմից նվազագույն աշխատավարձի մասին օրենքը (չափը) խախտելու դեպքում սահմանել դրամական պատիժ (յուրաքանչյուր առանձին դեպքի համար՝ երեք միլիոն դրամի չափով):

 

Դրույթ 37-րդ

         Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի և սպայի ընտանիքին սատարելու համար սահմանել պետական ֆիննանսական ամենամսյա թոշակ՝ ՀՀ-ում մինիմում աշխատավարձի եռակի գումարի չափով կամ զոհված սպայի աշխատավարձի գումարի չափով (եթե զինվորը կամ սպան ունի ծեր կամ անաշխատունակ ծնողներ կամ անչափահաս երեխաներ)։

 

Դրույթ 38-րդ

           Աղքատության մեջ գտնվող անապահով ընտանիքների համար սահմանել պետական օժանդակություն։ Շրջանառության մեջ դնել «սննդամթերքային տարադրամ» ծրագիր՝ աղքատ ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, ամսական նպաստ՝ սպառողական նվազագույն զամբյուղին համապատասխան, սննդամթերքային կտրոն-ների տրամադրումով (կարելի է ներդնել ԱՄՆ-ում վաղուց գործող այս ծրագիրը)։

 

ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ
(մշակույթ և պետություն)

Դրույթ 39-րդ

           Հայոց լեզուն, պատմությունը և մշակույթը ՀՀ Սահմանադրությամբ պետք է ստանան ազգային անվտանգության կարգավիճակ։

 

Դրույթ 40-րդ

           Հայաստան-Սփյուռք միասնական ուղղագրություն։

           ՀՀ և Սփյուռքի դպրոցներում գրաբարի ուսուցում։

 

Դրույթ 41-րդ

           Բացառել «Ով առաքելական եկեղեցու դավանող չէ, ապա հայ չէ»․ - խավարամիտ բաժանարարությունը։ Ազգային պատկանելիությունը համարելով բնության օրինաչափությամբ պայմանավորված միավորող հիմնական  կենտրոն և արժեք՝ հարգել ՀՀ քաղաքացու դավանանքը։

           Հայ Առաքելական Եկեղեցու, ինչպես նաև կաթոլիկ, ուղղափառ, ավետարանական եկեղեցիների հավատացյալներին և իսլամադավան հայությանը համարել յուրային՝

քույր/եղբայր։ Աշխատանք տանել Թուրքիայի «ծպտյալ» հայերի բացահայտման և «վերադարձի» համար։

 

Դրույթ 42-րդ

           Օրենքով արգելել՝

Ա) բոլոր այն աղանդավորական կառույցների գործունեությունը, որոնք խաթարում և փլուզում են հասարակության միասնությունը և հակադրվում են ՀՀ Սահմանադրությամբ ընդունված քաղաքացիական օրենքներին և պարտավորություններին։ 

 Բ) Համասեռամոլների ամուսնության քաղաքացիական գրանցման արգելում։ Բնության հիմնական օրինաչափությունը՝ վերարտադրությունն է։ Հայ ավանդական ընտանիքը՝ ազգի գոյատևման և զարգացման հիմնաքարն է։

 

Դրույթ 43-րդ

           Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային փոքրամասնությունների համար` քաղաքական, կրթամշակութային արտոնությունների ընձեռնում։

          Ա) Հայաստանի Հանրապետության վարչական և ֆինանսական աջակցություն ազգային փոքրամասնությունների համայնքային ներկայացուցչություններին՝ երկրի քաղաքական կյանքին լիարժեք մասնակցելու նպատակայնությամբ։

          Բ) ՀՀ տարածքում ազգային փոքրամասնությունների համար՝ նրանց մայրենի լեզվի, պատմության և մշակութային միավորների բարոյական և ֆինանսական սատարում պետության կողմից։

 

Դրույթ 44-րդ

           Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է հայ մարդու, հատկապես հայ նոր մտավորական դասի ձևավորում, նոր սերնդի ազգային ինքնության դաստիարակում և ինքնաճանաչողություն: Ազգային գաղափարաբանությունը որպես «Հայրենապաշտություն» առարկա ներդնել ՀՀ դպրոցներում։

Դրույթ 45-րդ

           Հայաստանի և Սփյուռքի դպրոցական և բուհական բոլոր միավորները պետք է լինեն Հայոց պատմության և հայ ինքնության մեկ-միասնական տեղեկատվական կրթական դաշտում՝ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի վերահսկողության ներքո:

           Աշխատանք տանել Հայոց պատմության և մշակույթի առանձին դրվագների հակահայկական՝ անհիմն ու կեղծ գիտականությամբ ներկայացված պնդումների դեմ, և դրանց փոխարեն շրջանառել գիտականորեն հիմնավորված իրական մեկնաբանություններ։

 

Դրույթ 46-րդ

           Լեզվի պետական կոմիտեի օգնությամբ կիրառել՝

«Բոլոր այն բիզնես միավորները, հատկապես հասարակական օբյեկտները, որոնք կփոխեն իրենց օտար անվանումներն ու կդարձնեն հայկական, կստանան պետական հարկի 2%-ի չափով նվազ հարկման հնարավորություն»։

 

Դրույթ 47-րդ

Այն մշակութային բիզնես միավորները, որոնց գործունեությունն ուղղված է ազգագրա-կան մշակույթի վերհանմանը, քարոզին, տարածմանը և կրթելուն, ազատվում են պետա-կան հարկերից իրենց գործունեության առաջին հինգ տարիների ընթացքում։

ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅԱՍՏԱՆ ՈԼՈՐՏ

            ^ Պետք է բացառել խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած «Սփյուռք-Հայաստան» մոտեցումը՝ որպես երկու անջատ միավորների կապերի հարաբերություն։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ բովանդակ հայության հայրենիքն է։ Հայաստանի Հանրապետությունը, որպես համահայկական պետություն, պետք է թե՛ տնտեսաքաղաքական, թե՛ մշակութային կառավարման իր գործառույթը ձևավորի որպես համահայկական մեկ ամբողջականության մասին ծրագրային մոտեցում։ 

 

Դրույթ 48-րդ

            Հայաստան-Սփյուռք միասնական ցանցային տնտեսական շուկայի ձևավորում:

            Ա) ՀՀ-ում ձեռնարկել ռազմավարական նշանակության կառույցների շինարարություն․ հայտարարել դրանք որպես համազգային ծրագիր՝ կիրառելով բաց բաժնետիրական ձևաչափը և ընդլայնակի ներգրավելով Սփյուռքը (51% ազգային-պետական և 49% մասնավոր բաժնետոմսերի հարաբերությամբ)։ Նպատակը՝ Հայաստանում բնակվող քաղաքացիները, ինչպես նաև Սփյուռքում երկքաղաքացիություն ունեցող բոլոր հայ մարդիկ կարող են լինել Հայաստանում ռազմավարական նշանակության կառույցների բաժնետերեր («Համահայկական Հիմնադը-րամ» կառույցի գործունեության ռազմավարական ուղղության փոփոխություն՝ առավելագույն արդյուավետ օգտագործման մարտավարությամբ: Մանրամասն ծանոթանալու համար տես՝ «Հայաստան-Սփյուռք զարգացման ծրագիրը»)։

            Բ) Սփյուռքը որպես տնտեսական ցանցային շուկա ձևավորելու համար՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված և արտահանվող ապրանքների համար ստեղծել «Միջազգային ՀՀ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ» (trademark)։

Մանրամասն ծանոթանալու համար տես «Հայաստան-Սփյուռք զարգացման ծրագիրը»։

 

Դրույթ 49-րդ

           Սփյուռք-Հայաստան ազգային կրթական-տեղեկատվական միասնական դաշտի ստեղծում (մայրենի լեզու, միասնական ուղղագրություն, դպրոցներում գրաբարի, հայոց պատմության և մշակույթի դասավանդում)։

         Հայաստանի Հանրապետության կողմից ծրագրային մոտեցում՝

         ա) Ռուսաստանի, Թուրքիայի և Եվրոպայի երկրների տարածքներում հայ եկեղեցիներին կից շաբաթ-կիրակնօրյա հայկական դպրոցների բացում,

         բ) տեղական համայնքների և հասարակական-մշակութային կառույցների հետ միասնական ծրագրերի մշակում և պետական սատարում,  

         գ) Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Միջին Արևելքի երկրների տարածքներում գտնվող մշակութային խմբերի, ինչպես նաև այդ երկրներում միջոցառումներ անցկացնող ՀՀ մշակութային խմբերի գործունեության համար  վարչական և ֆինանսական օժանդակության ապահովում։

 

Դրույթ 50-րդ

          Հայաստանի Հանրապետության կողմից Սփյուռքում գոյություն ունեցող բոլոր հասարակական-մշակութային կազմակերպությունները ցանցային կառույցներում միավորելու ռազմավարության և համապատասխան ծրագրային մարտավարության կազմակերպում (Սփյուռքյան կազմակերպությունների գործուներության համար ռազմավարական նշանակության թիրախների միասնական որոշում, և ՀՀ-ի կողմից բարոյական ու ֆինանսական սատարում)։

 

Դրույթ 51-րդ

Հայաստանի Հանրապետության կողմից ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ կազմակերպելու մարտավարական ծրագրերի մշակում։

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դրույթ 52-րդ

           Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի կազմակերպել հայ դատի միջազգային դատավարությունը։ Հայաստանի Հանրապետությունը, հայ եկեղեցին իր բոլոր թեմերով և կաթողիկոսական ներկայացուցչությամբ, և Սփյուռքում գրանցված բոլոր կառույցները միասին, պետք է դիմեն ՄԱԿ-ին առընթեր Արդարադատության միջազգային դատարան 1915-1920թթ․ հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման պահանջով։

           - Միայն դատարանն է որոշում հանցագործին և սահմանում պատիժ։

           - Փոխհատուցում նշանակում է՝ ցեղասպանության ենթարկված էթնոսի կամ   

           հավաքականության վերակագնվելու համար միջոցների և տնտեսաքաղաքական     

           պայմանների տրամադրում։

 

Դրույթ 53-րդ

            Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի լիիրավ սուբյեկտ, ինչպես նաև Հայ եկեղեցին իր բոլոր թեմերով և կաթողիկոսական ներկայացուցչությամբ, և Սփյուռքում գրանցված բոլոր կառույցները միասին, պետք է «Վիլսոնյան իրավարար վճռի» հիմքով միջազգային ատյաններում բարձրացնեն Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրավական պահանջ-հայեցակարգ։

 

Դրույթ 54-րդ

             Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում Արցախյան խնդիրը պետք է ներկայացնի որպես թուրքական երկու երկրների (Թուրքիա, Ադրբեջան) կողմից

1915-1920թթ․ ցեղասպանության շարունակություն, և Թուրքիայի կողմից դեպի արևելք տարածվելու աշխարհաքաղաքական հարյուրամյա ռազմավարություն՝ թուրքալեզու սահմանակից պետությունների ընդհանրական աշխարհաքաղաքական միավորում ձևավորելու նպատակ։

 

Դրույթ 55-րդ

       Հայաստանի Հանրապետության կողմից «Մադրիդյան սկզբունքներից» հրաժարում։   

       Արցախը պետք է հայտարարվի Հայաստանի Հանրապետության մաս։

 

Դրույթ 56-րդ

      Հայաստանի Հանրապետության կողմից Մոսկվայի (16.03.1921թ.) և Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերի չեղարկում և հայտարարում, որ դրանք անօրինական են ու հակաիրավական, քանի որ հակասել են միջազգային իրավունքի անբեկանելի հիմնադրույթներին։

(2018 թվականին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ոչ թե 27- ամյակի, այլ 100-ամյակի շնորհավորանքը խոսում է վերոնշյալ պայմանագրերից ազատվելու ճիշտ ժամանակի մասին)։

 

Դրույթ 57-րդ

      Հայաստանի Հանրապետության կողմից՝

      Ա) միջպետական տնտեսական և ռազմական պայմանագրերի, ինչպես նաև ռազմական բազաների մասին պայմանագրերի վերանայում, անհրաժեշտության դեպքում՝ չեղարկում, ի նպաստ Հայաստանի Հանրապետության շահերի,

       Բ) ՀՀ սահմաների վրա բացառապես ՀՀ զինված ուժերի ներկայություն։

 

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՈԼՈՐՏ  (ԱԶԳ-ԲԱՆԱԿ)

Դրույթ 58-րդ

          Ուսումնասիրել Շվեցարիայի «Ազգ-բանակ» համակարգը և հաշվի առնելով հայկական առանձնահատկությունները, ստեղծել ու աստիճանաբար ներդնել ծրագրային «Ազգ-բանակ» համակարգային հանյեցակարգը՝ տնտեսական և քաղաքացիական բոլոր ռեսուրսների ընդգրկումով։

          ԱԶԳ-ԲԱՆԱԿ հայեցակարգն իր հիմքում պետք է բաղկացած լինի «համայնք-բանակ» բաղադրիչներից։ Այսինքն, յուրաքանչյուր համայնք պետք է ունենա կա՛մ ռազմարդյունաբերական գործարաններ, կա՛մ «համայնքային-բանակ» միավորներ, որտեղ համայնքներից ներգրավվածներն ակտիվ զինվորական ծառայությունն են անցկացնում չկտրվելով իրենց ընտանիքներից և քաղաքացիական կյանքից։ «Համայնք-Բանակի» մեջ ընդգրկվածներն ստանում են աշխատավարձ, իսկ հետագայում՝ թոշակ։ Նպատակը՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է առնվազն երկու հարյուր հազարի հասնող պրոֆեսիոնալ և կիսապրոֆեսիոնալ բանակ, վերանում է գործազրկությունը, երկրում իսպառ վերանում է աղքատությունը։

 

Դրույթ 59-րդ

  • ՀՀ քաղաքացիների որոշմամբ, «Հողի օգտագործման բնավճարը»՝ հողի գնման արժեքից տարեկան 1,25%-ի չափով գանձումն ուղղել ԱԶԳ-ԲԱՆԱԿ հայեցակարգի իրականացմանը, քանի որ ՀՀ Բանակն է իրականացնում ՀՀ հողի պաշտպանությունը։ «Ազգ-Բանակ»-ը պետք է ստեղծել պետական բյուջեի միջոցներով ու «համայնք-բանակ» ռազմատնտեսական համագործակցությամբ, և այդ նպատակով օգտագործել «քաղաքացիական շրջանառու ներդրումային կապիտալը»՝ ռազմարդյունաբերական գործարաններ ստեղծելու համար:

  •  «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը» ՀՀ բոլոր քաղաքացիների սեփականությունն է։

  • Ստեղծել «Ազգ-Բանակ հիմնադրամ»՝ աշխարհասփյուռ հայերի կողմից Հայաստանի Հանրապետության Բանակին նվիրատվություներ անելու համար։

  • Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների պետական ապրանքանիշերի (trademark) գնումից առաջացած միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության Բանակի ֆինանսավորմանը։

  • Ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի արտադրանքից և վաճառքից հարկվող գումարներն ուղղել միմիայն ՀՀ Բանակի ֆինանսավորմանը։

 

Դրույթ 60-րդ

           Հնարավորինս արագ գնել ռազմարդյունաբերական կոմպլեքս գործարաններ և ՀՀ-ում զարկ տալ ռազմարդյունաբերության զարգացմանը։

Դրույթ 61-րդ

          ՊՆ սպառազինության վարչությունում բացել գիտաինժիներական բաժին՝ նոր զինատեսակների ստեղծման և գոյություն ունեցող գիտաինժիներական առաջընթացը ռազմական նպատակներով օգտագործելու և մշակումների համար։

 

Դրույթ 62-րդ

  • ՀՀ դպրոցներում ապահովել ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ կարևորագույն առարկայի առավել բարձր մակարդակ։ Ապահովել մարտական զենքերի կրակային պատրաստություն՝ սկսած 14 տարեկանից (տղաների և աղջիկների համար՝ առանց խտրականության)։

  • ԲՈՒՀ հաստատություններում վերականգնել ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ամբիոնները։

 

Դրույթ 63-րդ

           Սփյուռքահայ երիտասարդների և սպաների ներգրավում ՀՀ Բանակում կամավոր հիմունքներով ծառայելու համար (հայրենասիրական ծրագրային քարոզի ապահովում)։

 

Դրույթ 64-րդ

  • ՀՀ սահմանամերձ գոտիներում բնակչության համապատասխան հատվածի զինվորական պատրաստում և մարտական զենքի տրամադրում։

  • Պահեստային զինվորների և սպաների վերապատրաստում տարեկան երկու անգամ՝ ընդհուպ մարտական զենքի կիրառմամբ զորավարժություններին մասնակցություն։

E-mail:

aanconsensus@gmail.com

Երևան, Բուզանդի փ․ 1/3, 4-րդ հարկ

Հեռ․ 099-88-38-18 Beeline

Հեռ․ 077-88-63-83 Viva cell 

© 2019 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ / All-Armenian National Consensus. All Rights Reserved.