
ԱԶԳԱՅԻ՛Ն ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ազգային գաղափարաբանությունը ազգի հավաքական բարոյահոգևոր նկարագրից բխող արժեքների ընդհանրական այն համակարգն է, որի հիմքով ազգային հավաքականությունն ի վիճակի է պահպանել իր էթնիկական տեսակը, իր մշակույթը, իր լեզուն, կարող է ապահովել իր պետության և հասարակության ներդաշնակ ու ԼԻԱՐԺԵՔ զարգացումը՝ կյանքը, և դիմագրավել արտաքին մարտահրավերները:
Ազգային գաղափարաբանությունը մեկ ազգի գերապատվության քարոզը չէ մյուսների նկատմամբ, այլ այն գիտակցությունն է, որ յուրաքանչյուր ազգ իր անկրկնելի ու ինքնատիպ գույնը, իր հնչյունն է բերում ընդհանուր համամարդկային քաղաքակրթության զարգացմանը։ Տիեզերական բնությունը՝ ատոմի կառուցվածքից մինչև կենդանական աշխարհ, մինչև տիեզերական գալակտիկաներ, արարվում և գոյատևում է տեսակների բազմազանության սիմֆոնիայով, և այդ մեծ համայնապատկերում յուրաքանչյուր տեսակ ունի իր բնույթն ու գործառույթը (ֆունկցիան): Ահա սա՛ է ազգային գաղափարաբանության հենքը։
Ըստ ժամանակակից գենետիկական ուսումնասիրությունների, «ՄԱՐԴԸ կենսաբանական տեսակ է, ռասսաները՝ ենթատեսակներ, ազգերը՝ ենթաենթատեսակներ»
(Luigi L. Cavalii-Sforza, “Genes, Peoples, and Languages” 2000”)։
«Ո՛չ գոյ բնութիւն անանձն եւ ո՛չ գոյութիւն առանց դիմաց, վասնզի յանձինս եւ ի դէմս տեսանին գոյութիւն եւ բնութիւն» (Յովհ. Օձնեցի)։
Բնության մեջ յուրաքանչյուր միավոր ձգտում է հավաքականություն կազմել ի՛ր տեսակի հետ: Ազգային տեսակի հիմքով հավաքականության ձևավորումն ունի անհատի ներքին պահանջից բխող բնույթ և պայմանավորված է բնության մեջ տեսակների գոյության կենսական օրինաչափությամբ: Բնության մեջ հիմնարար և երկարակյաց են ազգային հասարակությունները: Կրոնական, սոցիալական, տնտեսական և աշխարհահայացքային գաղափարաբանական ընդհանրություններով պայմանավորված հավաքականությունների ձևավորումներն ունեն արտաքին պահանջից բխող բնույթ և ժամանակավոր են:
Ազգային գաղափարաբանության կրողը նաև լավագույնս պետք է հասկանա իր երկրում (և առհասարակ) ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման կարևորությունը, նրանց իրավունքները, խնդիրները և սատարի այդ փոքրամասնություններին։ Ի տարբերություն կայսրապետությունների, որոնք ունեն էթնիկական բազմազգ բնույթ, որի պատճառով խարսխված են կայսրապետական կոսմոպոլիտ գաղափարաբանությունների վրա, ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ պետք է ունենա ազգային գաղափարաբանական հենք։
Ազգային պետությունն առանց ազգային գաղափարաբանության՝ նման է այն դատապարտված զինվորին, որը չգիտե, թե իր գոյամարտում հանուն ինչի է պայքարում։
ՈՒԹ ՀԻՄՆԱՐԱՐ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա - Բնությունն արարում և գործում է տեսակների բազմազանության բանաձևով, որտեղ յուրաքանչյուր տեսակ իր գործառույթն է իրականացնում տիեզերական բնության լինելիության համար՝ փոքրից մինչև մեծ, ատոմի կառուցվածքից մինչև կենդանական աշխարհ, մինչև գալակտիկաներ և անդին։
Բ - Տեսակների բազմազանությամբ են պայմանավորված թե՛ տիեզերական բնությունը, թե՛ մարդկային քաղաքակրթությունն ու նրա զարգացումը։
Գ - Մարդկային տեսակները՝ ռասսաները, ազգերը, կարևորագույն այն բազմազանությունն է, որի շնորհիվ կայանում է մարդկային քաղաքակրթության գոյաբանությունը։
Դ - Մարդկային քաղաքակրթության գոյաբանության գործառույթում յուրաքանչյուր ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍԱԿ յուրահատուկ է իր գենետիկ առանձնահատկությամբ, իր լեզվով, իր մշակույթով, իր հավաքական անգիտակցականով, իր ավանդական նախասիրություններով և իր կատարած գործառույթով։
Ե - Մայրենի լեզուն ԱԶԳԻ ՈԳՈՒ ՏՈՒՆՆ է․ լեզուն՝ ազգի հավաքական անգիտակցականի հիմքում այն վիբրացիոն համակարգն է, որը ձևավորում է այդ տեսակի լեզվամտածողությունը և հավաքական ենթագիտակցության առանձնահատկությունները։
Զ - Բնության գոյաբանության հիմնական օրինաչափությունը վերարտադրվելն է, որը կյանքի՝ լինելիության միակ շարժիչն է։
Է - ԸՆՏԱՆԻՔՆ այն միջուկն է` այն միավորը, որի վրա է հենվում ազգային տեսակը և մարդկության գոյապահպանությունը՝ բազմազանության բանաձևով վերարտադրությունը, զարգացումն ու նրա լինելիությունը։
Ը - Որևէ էթնոս ձևավորվում և կայանում է իր բնօրրանում, և նրա պատմական հայրենիքի աշխարհագրությունն էական է նրա ինքնության համար։ 1915-1922թթ․ ցեղասպանությունը (1922 թվին Զմյուռնիայի կոտորածն էր) հայ էթնոսի համար նաև ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ էր։ Եվ հայ էթնոսի՝ իր բնօրրանի նկատմամբ սեփականության իրավունքն անօտարելի է, իսկ այդ իրավունքի համար պայքարը՝ անբեկանելի։
-
Ազգային գաղափարաբանությունը էթնոսի կենսափիլիսոփայությունն է։
Ազգային պետությունը՝ ազգային գաղափարաբանությամբ, նշանակում է, որ նման պետության համար ամենամեծ արժեքը պետք է լինի իր քաղաքացին, էթնոսի գոյապահպանությունը և այդ էթնոսի վերատադրությունն ապահովող ընտանիքի բարեկեցությունն ու անվտանգությունը, իսկ քաղաքացու համար՝ իր երկրի անվտանգությունն ու հզորացումը։
ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
-
Բնությունը՝ ատոմի կառուցվածքից մինչև գալակտիկաներ, մինչև կենդանական աշխարհ ու մարդկային հասարակություն, տեսակների բազմազանությամբ պայմանավորված տիեզերական մեծ սիմֆոնիա է, որտեղ, յուրաքանրյուր տեսակ իր կարևորագույն ֆունկցիան է բերում այդ մեծ համանվագում։
-
Պետք է ստեղծել ազգայի՛ն պետություն՝ ազգայի՛ն գաղափարաբանությամբ, քանի-որ Էթնիկ համերաշխությունն է քաղաքացիական հասարակության հաստատման և պահպանման աղբյուրը։
-
Ազգային պետություն նշանակում է՝ տնտեսական և սոցիալական հնարավորությունների, արդարության և իրավական միջավայրի լավագույն պայմաններ, որպեսզի հայ մարդն ի՛ր բնօրրանում արարի ի՛ր տեսակի մշակույթը և ունենա իր ներդրումը համամարդկային քաղաքակրթության զարգացման գործառույթում։
-
Պետք է ժողովրդին հետ վերադարձնել 1992-2018 թվականների ընթացքում անիրավականորեն և ապօրինի կերպով օտարված ու մասնավորեցված նրա սեփականությունը, որն ամրագրված է ՀՀ Անկախության Հռչակագրով։
-
Պետությունը որպես կառավարման գործիք չի կարելի թողնել վարչաօլիգարխիկ կլան-ներին, այլապես հայ մարդը, ՀՀ քաղաքացին իր երկրում քաղաքացի չէ, այլ ՀՊԱՏԱԿ է։
-
Երկրի ռազմավարական նշանակության միավորների և ոլորտների մենաշնորհային պատկանելիությունը տեղական կլաններին կամ օտարերկրյա ընկերություններին՝ Հայաստանը դարձնում են սուվերենությունից զուրկ տարածք։
-
Չկա՛ ժողովրդավարություն, եթե ժողովուրդը զրկված է ի՛ր հողի, ի՛ր երկրի բնական ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքից և դրանց շահագործումից չի ստանում շահույթաբաժին։
-
Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը ՀՀ քաղաքացիների անօտարելի սեփականությունն է։
-
Քաղաքացիական հարթակը պետք է ստանձնի պետության պատվիրատուի դերը, իսկ պետությունը՝ կատարողի դերը։
-
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի բնական ռեսուրսների շահագործումից և երկրի ռազմավարական բացառիկ նշանակության միավորներից պետք է ստանա իր բաժնեմասն ու շահաբաժինը։
