Այս նախաձեռնությունը ի զորու է դառնալ
ազգային իրական համաձայնության սկիզբը։
Հայ հասարակությունը բաղկացած չէ հեղափոխականներից և հակահեղափոխականներից։ Հայ հասարակությունը բաղկացած է մարդկանցից, որոնք ուզում են կառուցել իրենց երկիրը, ունենալ ուժեղ, արդար հայկական ազգային պետություն: Հայ հասարակությունը բաղկացած է մարդկանցից, որոնք ուզում են տե՛րը լինել իրենց երկրի ոչ թե կարգախոսներով, այլ ուղղակի՛ իմաստով: Եվ, համաձայն «Համահայակական ազգային համաձայնություն» ծրագրի, որը հիմնված է Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի սկզբունքների վրա, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, նորածին երեխայից մինչև ալեհեր ծերունին, կարող է և պե՛տք է լինի բաժնետերը Հայաստանի Հանրապետության հողի, ամբողջ բնական հարստության
և բնական պաշարների:
Հայոց հինավուրց ԱԶԳԸ նորի՛ց կվերածնվի որպես հզորագույն, եթե յուրաքանչյուր հայ մարդ ինքն իրեն զգա ի՛ր հողի, ի՛ր երկրի ՏԵՐԸ,
ի՛ր բնական անօտարելի սեփականության իրավունքի կրողը։
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» նախաձեռնության նպատակն է օգնել համախմբվել ազգային նպատակի շուրջ և երկիրը տանել ոչ թե օտարների կողմից ծրագրած, այլ հայ ժողովրդի նախանշած զարգացման ճանապարհով:
01.17.2019թ․
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներ, ողջունում և շնորհավորում ենք ձեզ ժողովրդական վստահության հանձնագիր (մանդատ) ստանալու առիթով։
Դուք բոլորդ, հիմնականում, նախկին վարչաօլիգարխիկ կառավարման համակարգը մերժող ժողովրդի կամքի արտահայտության շնորհիվ եք դարձել ժողովրդական պատգամավորներ։ Վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական կացութաձևում «Իշխանություն»՝ նշանակում է երկրի հիմնական հարստության աղբյուրների սեփականատիրություն։ Եվ ձեզ բոլորիդ քաջ հայտնի է, թե ինչպես է ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ սահմանման խախտումով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի սեփականությունն օտարվել ու դարձել օտար երկրների և տեղական մասնավոր
ընկերությունների սեփականություն։ Հատկապես ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող միավորների հակաիրավական օտարումով մասնավորեցումն ու դրանց մենաշընորհային կարգավիճակ տալը, երբ մեր երկիրը պատերազմական իրավիճակում է, աններելի հանցագործ ոտնձգություն էր մեր երկրի պետականության և ժողովրդի կյանքի անվտանգության նկատմամբ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ համակարգն է ծնում թե՛ տոտալիտարիզմ, թե՛ այդ համակարգում առանցքային անձեր։
Եվ ուրեմն, առանց ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ դրույթին համապատասխան սեփականության իրավունքի կիրառության, և առանց ՀՀ քաղաքացիներին պատկանող երկրի հիմնական հարստության աղբյուրների արդարացի վերաբախշման, հնարավոր չէ
նախկին վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի մեջ կոսմետիկ
փոփոխություններով ունենալ ժողովրդավարական պետություն։ Եվ քանի որ այսօրվա ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից սատարած «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը ենթադրում էր ոչ թե մեկ անձի պարզունակ մերժում, այլ վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի մերժում, ապա մենք՝ «Համահայկական Ազգային Համաձայնություն» (ՀԱՀ) շարժման նախաձեռնող խմբի անդամներս, առաջարկում ենք ձեզ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի օրակարգում առաջին հերթին քննել հետևյալ կարևորագույն հիմնարար խնդիրները․
Ա) Տնտեսաքաղաքական գնահատական տալ նախկին երեք ՀՀ նախագահների
ղեկավարման տարիների (1991-1997թթ․, 1998-2008թթ․, 2008-2018թթ․) գործընթացներին և հանդես գալ՝
1) Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականության հակաիրավական
օտարման դատապարտմամբ ու քրեական պատասխանատվության պահանջով,
2) Հայաստանի Հանրապետության յոթ և ավելի միլիարդ դոլարի չափով պարտքի
ծախսումների մանրամասններն ի լույս հանելով,
3) ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող բիզնես միավորների նկատմամբ արտոնյալ մենաշնորհային կարգավիճակի արգելման նախագծով։
Բ) Փոխել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անիրավական դրույթն ու սահմանադրորեն ՀՀ ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության իրավունքը, քանի որ ՀՀ Անկախության Հռչակագրով (7-րդ կետ) հաստատված է՝
«7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»:
Այս դրույթը վերահաստատված է 2015թ․-ին ՀՀ Սահմանադրության նախաբանում, սակայն նույն սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է՝ «Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են», ինչը ակնհայտորեն հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրին ու ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված «հայոց պետականության հիմնարար սկզբունքներին»: Այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթը չի եղել ՀՀ Սահմանադրության նախագծում, որը ներկայացված է եղել ժողովըրդի քննարկմանը, այլ անօրինական կերպով ընդգրկվել է ՀՀ Սահմանադրության տեքստում անմիջապես հանրաքվեից առաջ։
Ժողովրդավարական պետության հիմնական, առանցքային և ուղղակի խնդիրն է ժողովրդի սեփականության պաշտպանությունը արտաքին ու ներքին ոտնձգություններից: Սակայն 2015թ.-ին ընդունված ՀՀ Սահմանադրությամբ հաստատագրվել է տրամագծորեն հակառակը՝ բնական ռեսուրսների նկատմամբ ժողովրդի սեփականության իրավունքը վերագրվել է պետությանը: Այսպիսով, տեղի է ունեցել ժողովրդի սեփականության յուրացում և այդ հանցագործությունն ամրագրվել է պետության բարձրագույն
օրենքով, որից ավելի հակաիրավական ակտ անհնար է պատկերացնել: Այդ հակաիրավական դրույթը պետք է անհապաղ փոխել ու սահմանադրորեն ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության բնական իրավունքը:
ՀՀ Ազգային Ժողովի hարգելի պատգամավորներ,
Վերոնշյալ երկու հիմնարար խնդիրների նկատմամբ ձեր դրական դիրքորոշումը, որն առանցքային է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կյանքի և սեփականության իրավունքի առումով, կլինի նախկին վարչաօլիգարխիկ համակարգի իրական մերժում, և հայ ժողովրդի հավաքական ցանկությունը՝ հին համակարգի նկատմամբ հեղափոխությունը, իսկապես կմտնի իրագործման փուլ, որի համար դուք ստացել եք ժողովրդի վստահությունը՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի հանձնագիրը (մանդատը)։
Արթուր Արմին Բաբայան
(Մշակութաբան, հրապարակախոս)
Ստեփան Սահակյան
(Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
Արամ Գաբրիելյան
(Բնապահպան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու)
Հրաչիկ Հակոբջանյան
(Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ)
Խաչատուր Խաչատրյան
(Գյուղատնտես, ազատամարտիկ)
Կարինե Հակոբյան
(Մշակութաբան)
Գևորգ Յազիչյան
(Պատմական գիտությունների թեկնածու)
Անի Կաղինյան
(Տնտեսագետ)
Վահե Անթանեսյան
(Պատմաբան)
Բարսեղ Թումանյան
(Օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ)
Սամվել Կարապետյան
(Մշակութաբան)
002-ՀԱՀ
—————
04/03/2019թ․
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ,
«Համահայկական ազգային համաձայնություն» շարժման նախաձեռնող խումբը 17․01․2019թ․ թվագրված նամակով ձեզ էր դիմել հետևյալ առաջարկություններով՝
Ա) Տնտեսաքաղաքական գնահատական տալ նախկին երեք ՀՀ նախագահների ղեկավարման տարիների (1991-1997թթ․, 1998-2008թթ․, 2008-2018թթ․) գործընթացներին և հանդես գալ՝
1) Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականության հակաիրավական օտարման դատապարտմամբ ու քրեական պատասխանատվության պահանջով,
2) Հայաստանի Հանրապետության յոթ և ավելի միլիարդ դոլարի չափով պարտքի և ծախսումների մանրամասններն ի լույս հանելով,
3) ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող բիզնես միավորների նկատմամբ արտոնյալ մենաշնորհային կարգավիճակի արգելման նախագծով։
Բ) Փոխել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անիրավական դրույթն ու սահմանադրորեն ՀՀ ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության իրավունքը, քանի որ ՀՀ Անկախության Հռչակագրով (7-րդ կետ) հաստատված է՝
«7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»:
Սակայն 19․02․2019 ամսաթվով թվագրված և գործավարության ստանդարտներին չհամապատասխանող առանց համարանիշի առաքված ձեր պատասխան նամակը, շատ անորոշ և խնդիրների շրջանցմամբ պատասխան դիտելով, մենք կրկին անդրադարձ ենք կատարում, առաջարկելով որոշակի պատասխաններ տալ հետևյալի մասին։
I. Ձեր պատասխան նամակում դուք մեզ եք դիմում գործածելով «գործընկեր-ներ» եզրույթն այն դեպքում, երբ մենք ձեր՝ ՀՀ ԱԺ պատգամավորներիդ գործընկերները չենք, սակայն եթե նկատի ունեք համատեղ աշխատելը, քննարկելը կամ համագործակցելը, ապա չեք նշում, թե ե՞րբ և որտե՞ղ են լինելու մեր բարձրացրած հարցերի առումով հասարակական, քաղաքական քննարկումները, ուր մենք ձեզ հետ միասին կարող էինք մասնակցել քննարկումներին որպես գործընկերներ։
II. Հարկ կար մեզ տեղեկացնելու, թե ի՞նչ ժամկետներում (միամսյակ, եռամսյակ, կիսամյակ, տարի) և ի՞նչ ձևաչափով է ՀՀ ԱԺ-ն քննարկելու մեր կողմից առաջադրված սահմանադրական հարցը, եթե ՀՀ Սահմանադրությունն այդ ոլորտում ոչ թե բարեփոխումների, այլ հիմնավոր փոփոխությունների կարիքն ունի, քանի որ աղերսվում է ՀՀ սեփականության իրավունքի հիմնարար խնդիրների հետ, որոնք բխում են ՀՀ Հռչակագրից և ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներից: Ցանկանում ենք նորի՛ց ընդգծել, որ այսօրվա ՀՀ Սահմանադրությունն ունի հիմնարար հակասություններ, իսկ կոնկրետ մեր բարձրացրած հարցի առումով ՀՀ Անկախության Հռչակագիրը և ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված հիմնարար սկզբունքները ՀՀ Սահմանադրության 10․2 հոդվածի հետ տրամագծորեն հակադրված են՝ հակասում են իրար։ Եվ ուրեմն, ՀՀ Սահմանադրության հոդվածները պետք է ՃՇՏՎԵՆ ըստ ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագըրված հիմնարար սկզբունքների։ Մյուս կողմից, ընդհանրապես, բարեփոխում են «լավն ավելի լավով», սակայն նախկին վարչաօլիգարխիկ ռեժիմի կողմից հաստատված 2015 թվականի հիմնարար հակասություններով լի, և մեր հասարակության ահռելի մասի կողմից ոչ լեգիտիմ համարվող ՀՀ Սահմանադրությունն արդյո՞ք հնարավոր է բարեփոխել։
III. Ի՞նչ նկատառումներ ունեք մեր 17/01/2019թ․նամակում արծածված խնդիրների առումով (տես 1-ին էջի Ա կետ), որոնք ՀՀ Սահմանադրության հետ ուղղակիորեն չեն առնչվում։ Որքանո՞վ կարելի է երաշխավորված լինել, թե, ըստ ձեր տեղեկացման, «Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով»-ը մեր բարձրացրած հարցերն արդեն ներառել է իր գործունեության ոլորտում, երբ ո՛չ ՀՀ Կառավարությունը, ո՛չ ՀՀ ԱԺ-ն այդ առումով չեն արել պաշտոնական հայտարարություն, ավելին՝ նույնիսկ որևէ կերպ չեն ակնարկել իրենց դրական վերաբերմունքը բարձրացված խնդիրների վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ,
առաջարկում ենք ձեզ 17․01․2019թ․ թվագրված մեր դիմում-նամակին հանգամանալից պատասխանել։ Ցանկանում ենք նաև ձեզ տեղյակ պահել, որ հիշատակված նամակին ու նրանում առաջադրված հարցերի բարձրացմանը միացել են նաև Հայաստանի Հանրապետությունում գործող «Խազեր», «Զարթոնք», «Դաշինք», «Վահագն ռազմահայրենասիրական» կազմակերպությունները։
Հարգանքով,
«Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժում
(Համակարգող՝ Արթուր Արմին Բաբայան)
«Խազեր» հասարակական կազմակերպություն
(Փորձագետ՝ Արամ Գաբրիելյան)
«Զարթոնք» գաղափարաքաղաքական ակումբ
(Համակարգող՝ Գևորգ Արզումանյան)
«Վահագն ռազմահայրենասիրական կազմակերպություն»
(Համակարգող՝ Կարո Կարապետյան)
«Դաշինք» հասարակական կազմակերպություն
(Համակարգող՝ Թորոս Ալեքսանյան)